2026
Երևանի պետական համալսարանի ԻԿՄ ու ՄՄ ֆակուլտետների, ֆիզիկայի ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդների հետ համատեղ կազմակերպում ենք հանդիպում, որին կներկայացնեմ, թե ինչպես է արհեստական բանականության (ԱԲ) գալիք` առնվազն տասնամյակը որոշվելու ոչ միայն և ոչ այնքան վերին օղակի հավելվածներով (չատբոտեր, ագենտներ և այլն), որքան ավելի հիմնարար՝ ԱԲ հաշվարկային ենթակառուցվածքների նախագծմամբ և զարգացմամբ. նոր նյութեր, նոր տեսակի հաշվողական միավորներ, ճարտարապետություններ, լեզուներ, կոմպիլյատորներ և այլն։
Խոսքն ըստ էության նոր ուղղության ձևավորման մասին է, որը կարելի է սահմանել որպես բաղկացած, մասնավորապես, բոլոր վերոնշյալ ուղղությունների այն հատվածներից, որոնց նպատակն է՝ զգալիորեն մեծացնել աշխարհի հաշվողական ռեսուրսները:
Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներում աշխարհի ներդրումային կապիտալի առյուծի բաժինն ուղղվում է հենց այս ոլորտին, և ես հատուկ կանդրադառնամ, թե ինչու իմ խորին համոզմամբ Հայաստանը պարզապես գերազանց դիրքում է հենց այդ ուղղությամբ մեծ շեշտ դնելու:
Քանի որ այդ ոլորտը ձևավորվում է մեծամասամբ արհեստական բանականության հաշվարկների պահանջներից, նաև ցանկանալով պատվել Հայաստանի՝ V-VIII դարերի Հունաբան դպրոցի առանցքային դերը Հայաստանի գիտական, թարգմանական և կրթական-լուսավորական մտքի զարգացման ու պահպանման գործում, ես այս ոլորտը կանվանեմ «հաշվարկաբանություն»:
Առնվազն մինչև այս տարվա վերջ ամբողջությամբ ու լիաժամ կտրամադրեմ հայկական բուհերի STEM ֆակուլտետների հետաքրքրված ու աշխատասեր ուսանողներին այդ ուղղությամբ մասնագիտացնելուն՝ բաց և անվճար դասընթացի շրջանակներում։
Մանրամասները կներկայացնեմ մեկնարկային հանդիպմանը, որին կարող եք գրանցվել ստորև կցված հղումով։
Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին՝ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):
2024
2024 թ. մայիսի 4-ից սկսած՝ հաջորդական շաբաթ օրերին մինչև հունիսի 1-ը ներառյալ, ժամը 16:00-ին Հայ-Ռուսական համալսարանի Օրբելու լսարանում (նոր մասնաշենք, 7-րդ հարկ) տեղի կունենա The State of Modern Computation վերնագրով սեմինար, որի ընթացքում կպատմեմ ժամանակակից հաշվողական տեխնոլոգիաներում արագ զարգացող նոր մոտեցումների ու խնդիրների մասին:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից հաշվողական պահանջների մեծ մասն այսօր գալիս է մեքենայական ուսուցման կողմից, որում առանցքային է հանդիսանում մատրիցների բազմապատկման գործողությունը։ Ընդունելով դա որպես ելակետ, մասնավորապես, մանրամասն կուսումնասիրենք, թե այն արդյունավետ իրականացնելու համար ինչ մոտեցումներ են կիրառվում ալգորիթմա-ծրագրային, ճարտարապետական, միկրոէլեկտրոնիկական և նյութագիտական մակարդակներում ինչպես արդեն այսօր, այնպես էլ հավանական մոտ ապագայում։
Կանդրադառնանք նաև բազմաթիվ այլ թեմաների ու խնդիրների, որոնցից շատերը անմիջապես կապված ու կիրառելի են Հայաստանում մեծ ներկայություն ունեցող` EDA ոլորտի հետ (AMD, Microship, Siemens, Synopsys, և ուրիշներ), որոնց աշխատանքի էական մասն այսօր նույնպես ուղղված է ժամանակակից մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները սպասարկելուն:
Այլ կերպ ասած՝ սեմինարը ML Engineering / Data Science ոլորտների գործիքակազմը (TensorFlow, PyTorch, JAX) սպասարկող ստորին՝ ենթակառուցվածքային տեխնոլոգիաների մասին է, որոնցից առաջինում աշխատում է նաև Grid Dynamics ընկերության մեր թիմը՝ Google ընկերության հետ համատեղ՝ OpenXLA պրոյեկտի շրջանակներում՝ AI ոլորտում առաջատար այլ ՏՏ ընկերությունների հետ միասին:
Նյութը նախատեսված է ՏՏ և ֆիզիկա-մաթեմատիկա-ինժեներական ֆակուլտետների ուսանողների համար, բայց մուտքն ազատ է թեմայով հետաքրքրված բոլոր ցանկացողներին։ Սլայդերը կլինեն անգլերեն, ելույթը՝ հայերեն:
Սեմինարի տեխնիկական սլայերը հասանելի են այս հղումով: